Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Խելագարություն` Զարուհի Փոստանջյանի կատարմամբ

Խելագարություն` Զարուհի Փոստանջյանի կատարմամբ
13.03.2018 | 12:18

Դեռ հին Հռոմի ժամանակներից քաղաքական գործիչները Սենատում պլեբսի ուշադրությանն ու համակրանքը ստանալու համար օգտագործում էին ճարտասանական տարբեր հնարքներ` դեմագոգիա, պոպուլիզմ, սոփեստություն, հաճախ պարզապես ստում էին ու վարձում կեղծ վկաներ իրենց խոսքը հաստատելու համար:

Ժամանակները փոխվում են, հնարքները մնում են նույնը: Դեմագոգիան, պոպուլիզմը, սոփեստությունը, սուտը և խաբեությունը անփոխարինելի գործիքներ են ոչ միայն պլեբսի համակրանքը ստանալու համար, այլև` ֆինանսավորման հարցը լուծելու: Եվ դրա փայլուն օրինակը «ժառանգության» նախկին անդամ, նախկին ԱԺ պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն է: Երբ իրեն քաղաքական գործիչ համարողը քաղաքականության ընդունված շրջանակներում չի կարողանում իրեն դրսևորել, պարտադիր դիմում է էպատաժի` դա ևս հազարամյակների պատմություն ունի: Էպատաժն անվրեպ միջոց է` ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Պարտադիր պայմանը աժիոտաժն է ու որքան անհեթեթ` այնքան հնչեղ: Երևանի ավագանիում իր աշխատանքի իմաստը քաղաքապետի կյանքը դժոխք դարձնելը հայտարարած «Երկիր ծիրանիի» նախկին քայլերը հաստատում են` Զարուհի Փոստանջյանը իր հանրաճանաչությունն ապահովելու ճիշտ ճանապարհ է ընտրել: Առավելևս որ ավագանիում ի դեմս ՀՀԿ խմբակցության հանդիպում է ոչ թե սադրանքներին չտրվելու, քաղաքակիրթ ու խելամիտ գործելու, այլ սեպը սեպով հանելու նույնքան անհեթեթ վարքագծի: Եվ դա «Երկիր ծիրանիին» ոգեշնչում է նորանոր սխրանքների: Ինչու՞ ոչ, եթե ՀՀԿ-ն հաճույքով խաղում է իր խաղը: Վերջին գյուտը` «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի կառավարության շենք տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ և Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում տեղադրել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում: Մի քանի մետրանոց փողոց` Վիդրո Վիսլոնի անվամբ` ի՞նչ կտա դա Վիլսոնին` հայտնի չէ: Հիշատակի մի քանի մետրանոց հավերժացման է նա արժանի` կարևոր չէ: Կարևորը` Վազգեն Սարգսյանի հիշատակն աղարտելն է: Զարուհի Փոստանջյանի նախագծի «Քաղաքական հիմնավորումը» հաստատում է, որ 2008-ի Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն 1999-ին զոհված Վազգեն Սարգսյանն է: Ինչպե՞ս: Շատ պարզ` 1996-ին Վազգեն Սարգսյանն ասել է, որ ընդդիմությանը իշխանություն վստահել չի կարելի, եթե նույնիսկ ստացած լինի 100% քվե:

Իսկ ի՞նչ ասեր Վազգեն Սարգսյանը, երբ Վազգեն Մանուկյանը մտնում էր ԱԺ ու հայտարարում` «20 րոպեից չգամ, եկեք իմ հետևից» ու մյուս դռնից տուն էր գնում, իսկ իրենց ընդդիմադիր անվանողները գրոհում էին ԱԺ-ն, առևանգում ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին, կոտրում ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանի գլուխը, ոտատակ տալիս ՀՀ պետական դրոշը, ջարդում ու փշրում դուռ, լուսամուտ ու ինչ ձեռքի տակ էր ընկնում» ու դա անվանում էին «բողոք»: Ոչ Վանո Սիրադեղյանը, ոչ Վազգեն Սարգսյանը 1996-ի նախագահական ընտրությունների շտաբի անդամ չեն եղել ու չեն խառնվել ընտրարշավին: Ընտրություններից 20 օր առաջ միասնական թեկնածու դարձած Վազգեն Մանուկյանը ոչ մի պատասխանատվություն չունի՞ ընդդիմության ղեկավարին ոչ հարիր պահվածքի համար, Վազգեն Սարգսյանն ունի՞: Վազգեն Սարգսյանը պիտի ասեր` դա է ճիշտ ճանապարհը, եկեք` իշխանություն դարձե՞ք: 22 տարի առաջ Վազգեն Սարգսյանը հարկադրաբար իր վրա վերցրեց պատասխանատվությունը, երբ Բաբկեն Արարքցյանը վերքերն էր բուժում, Լևոն Տեր-Պետրոսյանը` ընկճախտը: 22 տարի հետո հայտնվում է Զարուհի Փոստանջյանը, որ ասի Մարտի 1-ը կապված է Վազգեն Սարգսյանի հետ: Փաստորեն սպանությունից 9 տարի հետո էլ Վազգեն Սարգսյանն այնքան զորեղ էր, որ իր թելադրանքով քայլեր էին կատարվում: Եվ այս մառազմը կոչվում է մարտի 1-ի զոհերի հիշատակի հավերժացու՞մ, թե՞ անարգանք: Ի՞նչ տարբերություն Զարուհի Փոստանջյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև: Փաստացի` պաշտոնաթողությունից 10 տարի հետո Ռոբերտ Քոչարյանը ի դեմս Զարուհի Փոստանջյանի ու նրա հնարովի կուսակցության գտավ իր «ուչաստկովիին», որ բացահայտումնե՞ր է անում:


Ինչո՞ւ է Զարուհի Փոստանջյանը «մաքրում» Ռոբերտ Քոչարյանին: Գաղափարակա՞ն, թե՞ ֆինանսական նկատառումներով: Ումի՞ց է պատվերը արտասահմանում ծվարած աբիժնիկների՞ց, թե՞ Ռոբերտ Քոչարյանից, որ երեկ իր մամլո քարտուղարի հարցազրույցով (երկրորդ նախագահը ինքնահարցազրույցի նոր ժանր է հայտնագործել` իր մամլո քարտուղարի կերպարով ներկայանալով) մարտի 1-ի նոր «հանցագործ» էր գտել` Նիկոլ Փաշինյանին` հասկանալով, որ Վազգենի գործը «չկպավ»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀԿ-ն կարող է մինչև անվերջություն խրախուսել ու տոն տալ «Երկիր ծիրանիի» նախաձեռնություններին ու նույնիսկ ծափ տալ: Ինչու՞ ոչ: Ո՞վ չի ուզում զվարճանալ` հատկապես յուրայինների հաշվին: ՀՅԴ-ն կարող է իր հեռուստաալիքով գոհունակություն արտահայտել Վազգեն Սարգսյանի փողոցի մի կեսի կեսը Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելուց (մի քանի տարի հետո ՀՅԴ-ն կնախաձեռնի Վուդրո Վիլսոնի փոխարեն փողոցը Կիրո Մանոյան վերանվանել): Ինչու՞ ոչ: Մենք ինչքա՞ն պիտի հանդուրժենք: Նույնիսկ էպատաժը սահմաններ ունի: Երևանի ավագանին այն վայրը չէ, որտեղ ուղղակի ու փոխաբերական իմաստներով պետք է կեղտաջրեր հոսեն: Մաքրել ու մաքրվել է պետք: Մառազմն անբուժելի է, հատկապես երբ լավ է վճարվում, խելագարությունը բուժում են հոգեբուժարանում, ոչ քաղաքապետարանում:

Դիտվել է՝ 5397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ